ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն է քննարկել Օմանում իր գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթերի կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։
Միրզոյանն Օմանի իր գործնկերոջ հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում
© Photo : press office of MFA of RA
Զրուցակիցները նաև երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։
Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում` նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն։
Միրզոյանն Օմանի իր գործնկերոջ հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում
© Photo : press office of MFA of RA
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։