ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանին նոր հարվածները վառելիքի տերմինալի հրդեհման պատճառ են դարձել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երեկ ուշ երեկոյան Դուբայի օդանավակայանը կրկին փակվել է ԱԹՍ-ների սպառնալիքի և իրանական հարձակումից հետո բռնկված հրդեհի պատճառով։
Դրանից բացի, Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի և Բեյրութի ենթակառուցվածքներին լայնամասշտաբ հարվածներ հասցնելու մասին։ Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են Իսրայելի երկնքում նկատված հրթիռների մասին։
Իրանական լրատվամիջոցները գրում են նաև, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բաղդադի «Ռաշիդ» հյուրանոցին, որտեղ գտնվում է ԵՄ գրասենյակը՝ դիվանագիտական ներկայացուցչությունը և Իրաքում ԵՄ ծրագրերի համակարգման կենտրոնը։
Միաժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ։ X սոցիալական ցանցում Արաղչին գրել է, որ վերջին շփումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ տեղի է ունեցել նախքան ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին քննադատել է ՆԱՏՕ-ի երկրններին՝ Հորմուզի նեղուցում օգնելուց հրաժարվելու համար։
«Ինձ պետք չեն ձեր ավիակիրները, քանի որ մենք արդեն հաղթել ենք: Գիտեք` այս բաները շատ հիասթափեցնող են»,- հայտարարել է նա Սպիտակ տանը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանում հակամարտությունը «երկար չի տևի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկ բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանի երկրների նավթի արդյունահանման և արտահանման մակարդակի վրա։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: