ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Արագածոտնի մարզում ձնահյուսի տակ մնացած տղամարդը 37-ամյա Անտոն Գուլեզանն է՝ ՌԴ քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մարտի 16-ին հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դի։
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտու աշխատակից է, իսկ մարմինը հայտնաբերել են գոտու հարևանությամբ գտնվող ձնապատ տարածքում։
Նրա հետ կապը կտրվել էր 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում մոտ 6 ժամ անց գրեթե 6 մետր խորությամբ ձյան տակ հայտնաբերվել էր նրա մարմինը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։