«Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքը հրապարակեց իր նախընտրական կարգախոսը

Դաշինքին է միացել նաև «Առաջ» կուսակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» դաշինքը նորացված ու ընդլայնված կազմով է ներկայանում ընտրություններին` պայքարի մեջ են մտնում Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի և բազմաթիվ հանրային, հասարակական գործիչների հետ միասին։
Մարզահամերգային համալիրում հանդիսավոր միջոցառաման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև նշեց, որ իրենց է միացել «Առաջ» կուսակցությունը։
«Առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար` «Հայաստան» դաշինքով»,–ընդգծեց նա։ Իսկ ընտրություններին դաշինքը գնում է «Միասին կարող ենք» կարգախոսով։
Նա նաև հայտարարեց, որ ուղիղ դիմում է ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։
«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովրդին իրենք առաջարկում են այլընտրանք, որը հիմնված է երեք անկյունաքարերի վրա` 1. անվտանգ և մրցունակ պետություն, 2. ինքնության հիման վրա ազգային պետություն, 3. համահայկականություն։
«Մեզ սպասվում է համազգային քննություն` կամ մենք, կամ` նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,– իր ելույթը եզրափակեց Սաղաթելյանը։