ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են «Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպության գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ 24 ժամ է` Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկված են։ Էլեկտրամատակարարումը դադարեցվել է մարտի 15-ի ժամը 13։00-ից։
««Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքը կառուցապատող կազմակերպությունը, առանց ՀԷՑ–ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից, ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը»,–նշված է ՀԵՑ–ի հաղորդագրության մեջ։
Կառուցապատող ընկերության գործունեության հետևանքով մարտի 15-ին` ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջն անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։
Ըստ ՀԷՑ–ի` հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:
«Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը... Ընկերության մալուխներ և սարքավորումներ վերանորոգող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների` ավարտելով աշխատանքներն այսօր՝ վաղ առավոտյան 07:20-ին: 07:20-ից ՏԵ-1112-ը դրվել է լարման տակ, սակայն խափանված մեկուսացման դիմադրության հետևանքով շարքից դուրս են եկել ենթակայանի այլ սարքավորումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:
ՀԵՑ–ը վստահեցնում է, որ ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի: