Երևանում փետրվարին օդի աղտոտվածության ցուցանիշները նվազել են. Ավետիսյան

Գորիկ Ավետիսյանի խոսքով` օդի աղտոտման մարդածին աղբյուրները շատ փոքր դեր ունեն աղտոտվածության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Այս տարվա փետրվարին օդի աղտոտվածության ցուցանիշներն ավելի ցածր են, քան նախորդ տարի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։
«Ցուցանիշների նվազումը պայմանավորված է ընդհանուր եղանակային և օդերևութաբանական պայմաններով։ Սա ցույց է տալիս, որ օդի աղտոտման մարդածին աղբյուրները շատ փոքր դեր ունեն աղտոտվածության մեջ»,- ասաց նա։
Քաղաքապետարանի տվյալները հիմնված են շինհրապարակներում տեղադրված` օդի մոնիտորինգի 188 սարքերից ստացած տվյալների վրա։
«2026 թվականի փետրվարին PM 2.5-ի արժեքը կազմել է 95, իսկ PM 10-ինը՝ 47։ Այս արժեքները գտնվում են «լավ» կամ «չափավոր» միջակայքերում։ Համեմատության համար ասեմ, որ 2025 թվականի փետրվարին, երբ տեղադրված էր 167 սարք, PM 2.5-ի արժեքը կազմել էր 109, իսկ PM 10-ի համար՝ 51»,- նշեց Ավետիսյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրեց, որ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում օդի որակը մեծամասամբ պայմանավորված է մթնոլորտային շերտի «առաստաղի» բարձրությամբ, այսինքն՝ այն ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է։