ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանում ԱԹՍ–ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթերը հետաձգվել են։
«Emirates» և« Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։
Այժմ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։
Նշենք, որ Դուբայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Դուբայի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ նախազգուշական նկատառումներից ելնելով` չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են։
Ուղևորներին խորհուրդ է տրվել չվերթերի մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել ավիաընկերությունների հետ։ Օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են։
Որոշ չվերթեր ուղղորդվել են Դուբայի երկրորդ օդանավակայան («Ալ Մաքթում»):
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: