ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և նրա օգնական Թամարա Պետրոսյանի նկատմամբ այսօր Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022թ․ հոկտեմբեր 19–ին և կալանքի տակ էր մնացել մինչև 2024թ․ մարտը։
Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին 2 ամիս ժամկետով կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակություն, «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին։
Դատարանը որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին՝ բավարարելով նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։
ԱԱԾ-ն դատավորին մեղադրում էր ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ Էրիկ Ալեքսանյանին՝ դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։