ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների 19 ընկերություններից բաղկացած ռուսական գործարար առաքելությունը Երևանում ներկայացրել է իր ապրանքները: Հայաստանյան հնարավոր գործընկերներին նրանք առաջարկել են սննդամթերք (հացահատիկից ու մսից մինչև բանջարեղենային պահածոներ, սոուսներ և հրուշակագործության բաղադրիչներ), վիտամիններ և կենսաակտիվ հավելումներ, ատամի մածուկներ ու խոզանակներ, կոսմետիկա, լվացող միջոցներ և նույնիսկ տնային ապխտման սարքեր։
«Մենք ներկայացնում ենք ռուսական նոր արտադրանքը՝ մեղրից և գլյուկոզայից պատրաստված հատիկներ, որոնք հիմնականում օգտագործվում են որպես հումք։ Դրանք կարող են կիրառվել թեյի խառնուրդներում կամ, օրինակ, մյուսլիի արտադրության մեջ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Արգոլ» ընկերության (Սանկտ Պետերբուրգ) վաճառքի մենեջեր Իրինա Ամելինան։
Իրինա Ամելինա
© Sputnik / Aram Gareginyan
Եթե այս ընկերությունը նոր է սկսում կապեր հաստատել հայկական շուկայում, ապա Իժևսկի «Իժսինթեզ-Խիմպրոմ» ընկերությունն այստեղ աշխատում է արդեն հինգ տարի։ Հիմնականում մատակարարել են թե՛ կենցաղային, թե՛ այսպես կոչված պրոֆեսիոնալ քիմիա՝ լվացող միջոցներ բիզնեսի համար (գործարաններ, անասնապահական տնտեսություններ, ռեստորաններ և սրճարաններ)։ Ձեռնարկության արտաքին առևտրի բաժնի ղեկավար Եկատերինա Վոզժաևան պատմեց, որ ձեռնարկությունը ցանկանում է առաջարկել նաև մանկական տեսականի՝ շամպուններ, լոգանքի փրփուրներ, լվացքի գելեր։
Նրա խոսքով՝ այս հատվածը շատ մրցակցային է, սակայն որակով այստեղ հնարավոր է մրցել նույնիսկ եվրոպական արտադրողների հետ։ Ավելի դժվար է գնային մրցակցությունը չինական, իրանական կամ թուրքական ապրանքների հետ։
«Այո, շուկան հարաբերականորեն փոքր է, մրցակցությունը՝ բարձր, բայց առայժմ մեր հայաստանյան դիստրիբյուտորների վաճառքի ծավալները գոնե չեն նվազում, և դա արդեն լավ է»,-նշել է նա։
Ռուսական գործարար առաքելության այցը կազմակերպվել էր Ռուսաստանի Արտահանման կենտրոնի (ՌԱԿ) կողմից՝ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։