Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է. ՀԱԿ-ը բանաձև է ընդունել

ՀԱԿ–ը պատրաստ է կոնսոլիդացիայի գործընթաց սկսել «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ-ի նախագահ։ Տեղեկությունը հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
«ՀԱԿ 5-րդ (23-րդ) համագումարում կուսակցության կանոնադրությանը համապատասխան գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Համագումարում ընտրվել է նաև վարչության 35 հոգանոց կազմը ու բանաձև է ընդունվել։
«Հայ Ազգային Կոնգրեսը իր գերագույն նպատակն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, այդ շահերին սպառնացող հակամարտությունների կարգավորուﬓ ու երկարատև և կայուն խաղաղության հաստատումը, Հայաստանի սոցիալ–տնտեսական և գիտամշակութային հարատև վերելքի ապահովումը»,– ասված է բանաձևի նախաբանում։
ՀԱԿ–ից վերահաստատում են, որ մասնակցելու են հունիսի 7–ին կայանալիք ընտրություններին և առաջիկա քաղաքական գործունեության և ապագայում Հայաստանի կառավարման գործում առաջնորդվելու է 7 սկզբունքներով և մոտեցուﬓերով.
խաղաղության հաստատում և երկաթուղային հանգույցի կառուցում,
իրատեսություն և ռազմավարական մտածողություն,
հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, կոմունիկացիոն ինտեգրացիա,
արմատական տեխնոլոգիական արդիականացում,
ազատ և արդար մրցակցության և համագործակցության հասարակության ստեղծում,
նախագահական-խորհրդարանական սահմանադրական կարգի վերականգնումը և արդարադատության անկախացումը գործադիր իշխանությունից,
ժողովրդավարության ամրապնդում և հանրային համերաշխության ապահովում։
Միևնույն ժամանակ, ՀԱԿ–ից նշել են, որ այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորումը։
«Ուստի, հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ նպատակով սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին»,– ասված է ՀԱԿ բանաձևի եզրափակիչ մասում։
Հիշեցնենք, որ մարտի 14–ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի էր ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 5-րդ (23-րդ) համագումարը։ Համագումարին ներկա են եղել նաև «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր», «Ուժեղ Հայաստան», «Նոր ուժ», «Հաղթանակ» կուսակցության ներկայացուցիչները։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։