ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ԱՄՆ-ն օգտագործում է «Շահեդի» նման անօդաչու թռչող սարք՝ արաբական երկրներին հարվածելու համար, Al Araby Al Jadeed պարբերականին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ամերիկացիները ստեղծել են մեր «Շահեդի» նման անօդաչու թռչող սարք։ Նրանք այն անվանել են «Լուկաս»։ Նրանք այն օգտագործում են արաբական երկրներում թիրախներին հարվածելու համար», - ասել է Իրանի արտգործնախարարը։
Արաղչին նաև հայտարարել է, որ արաբական երկրներում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը։
«Արաբական երկրներում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը՝ Իրանի հետ նրանց հարաբերությունները փչացնելու նպատակով», - ասել է Իրանի արտգործնախարարը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: