Ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Տեր–Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահը ուղերձ է հղել ՀԱԿ 23-րդ համագումարի մասնակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 23-րդ համագումարի մասնակիցներին հղած իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
Ուղերձը համագումարի ժամանակ ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։
«Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։ Հիանում եմ Ձեր ակտիվությամբ, գրագետ ու համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով»,– ասել է Տեր–Պետրոսյանը ուղերձում։
Նա նաև գնահատել է համագումարի մասնակիցների` դաշինքներ ձևավորելու ուղղությամբ գործադրած ջանքերը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։