Ուկրաինայի տարածքը Իրանի հարձակումների օրինական թիրախ է դարձել. Ազիզի

Իբրահիմ Ազիզին իր հայտարարության մեջ հղում է արել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածին, որն ամրագրում է պետությունների անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը զինված հարձակման դեպքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Կիևի վարչակարգը փաստացի դարձել է պատերազմի մասնակից՝ Իսրայելին ԱԹՍ-ներով աջակցություն տրամադրելու պատճառով։
Նա նշել է, որ Ուկրաինայի ողջ տարածքը օրինական թիրախ է դարձել Իրանի հարձակումների համար։
«Անօդաչու թռչող սարքերի միջոցով իսրայելական վարչակարգին աջակցություն ցուցաբերելով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի»,- գրել է նա՝ հրապարակմանը կցելով Վլադիմիր Զելենսկու և Բենիամին Նեթանյահուի համատեղ լուսանկարը։
Ավելի վաղ՝ մարտի 9-ին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «The New York Times»–ին հայտնել էր, որ Ուկրաինան կալանիչ ԱԹՍ–ներ և անօդաչուների գծով փորձագետներ է ուղարկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների պաշտպանության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին մարտի 13-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներին որևէ կերպ չի օգնում հետ մղել Իրանի կողմից ԱԹՍ-ների պատասխան հարվածները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: