ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2025 թվականին Հայաստանը 15 տարվա մեջ առաջին անգամ գրանցել է միգրացիոն դրական սալդո` երկիր ժամանածների թիվը 8660-ով գերազանցել է մեկնածների թվին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ երկխոսությունը:
Ըստ ՆԳ նախարարի` այս ցուցանիշը վստահություն է հաղորդում եվրոպական գործընկերներին, քանի որ ԵՄ գործընկերները վստահ են, որ Հայաստանը չի գեներացնի լրացուցիչ ռիսկեր մարդկանց տեղաշարժի տեսանկյունից։
«Բնականաբար, որոշ ռիսկեր կան, մենք պետք է կառավարենք այդ բոլոր ռիսկերը»,– ասել է նախարարը։
Եվրամիության հետ բանակցություններում մյուս կարևոր գործոններից մեկը, ըստ նախարարի, երկրում հանցավորության մակարդակի նվազումն է։ Սարգսյանը նշեց, որ չնայած 2025 թվականին սպանությունների թիվն աճել է (2025թ–ին 50 2024-ի 45–ի դիմաց), բայց ընդհանուր առմամբ հանցավորությունը Հայաստանում նվազել է` 3.2 տոկոսով։
«Ընդ որում` նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, կանխել է ավելի շատ պլանավորված սպանությունների դեպքեր: Այս տարի ունենք բացահայտված սպանության 12 դեպք, իսկ 2024–ին բացահայտվել է ընդամենը 3-ը»,– նշեց Սարգսյանը։
Նրա կարծիքով` Հայաստանում սպանությունների դեպքերի մեծ մասը միջանձնային միջադեպերն են, իսկ դրա պատճառը հասարակության մտածելակերպն է։
«Տարիներ շարունակ մեր հասարակության մեջ ընկալում կա, որ հայհոյանքին պետք է արձագանքել ավելի սուր հայհոյանքով, բռնությանը՝ ավելի կոշտ բռնությամբ, որպեսզի հարցը կարգավորվի, կամ էլ հարցերը պետք է լուծվեն հեղինակություններին ներքաշելով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման մոտեցումը ողբերգական դեպքերի է բերում»,– ասել է նա։
ՆԳՆ նախարարը տեղեկացրեց նաև, որ վիզաների ազատականացման պրոցեսը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։