ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՌԴ–ում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ն. դը Ռիվիերին և Ն. Քեյսիին ԱԳՆ են կանչել, որտեղ վճռական բողոք են հայտնել մարտի 10-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկի վրա ֆրանս-բրիտանական համատեղ MBDA կոնցեռնի կողմից արտադրված թևավոր հրթիռներով հարվածի հետ կապված։ Այս մասին հայտնումէ ՌԴ ԱԳՆ–ն։
«Դեմարշի ընթացքում նշվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի անմիջական առնչությունն այդ ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել ավելի քան քառասուն մարդ։ Մեզ համար ակնհայտ է, որ Բրյանսկի վրա իրականացրած հրթիռային հարձակումը հնարավոր չէր լինի առանց բրիտանացի և ֆրանսիացի մասնագետների ներգրավման, ինչպես նաև Կիևի նեոնացիստական ռեժիմին հետախուզական տվյալների փոխանցման», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ եթե Լոնդոնն ու Փարիզը շարունակեն մասնակցել հետագա գործողությունների կազմակերպմանը, ապա հենց նրանք կկրեն զինված հակամարտության ապակառուցողական հետևանքների և լարվածության սրման պատասխանատվությունը։
«Նշվել է նաև, որ Մոսկվան Բրյանսկի հրետակոծությունը դիտարկում է որպես նպատակաուղղված սադրանք, որը նպատակ ունի խաթարել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ինտենսիվացած ջանքերը։ Բրիտանական և ֆրանսիական կողմերին կոչ է արվել հրաժարվել անմարդկային գործողություններից՝ ձգտելով բարձրացնել իրենց քաղաքական հեղինակությունը և միջազգային օրակարգ վերադարձնել իրենց հովանավորած «ուկրաինական նախագիծը»` Մերձավոր և Միջին Արևելքում ներկայիս սրման ֆոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը պահանջել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրապարակային հստակ գնահատական տան՝ կոշտ և միանշանակ դատապարտելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկում իրականացված ահաբեկչական հարձակումը։
Մարտի 10-ին Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Բրյանսկ քաղաքին՝ Storm Shadow թևավոր 7 հրթիռ օգտագործելով։