ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմից հայտնի խորհրդային դերասան Վասիլի Սկրոմնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի՝ հղում անելով «Одесская жизнь» պարբերականին։
Դերասանի մահվան պատճառը եղել է ուռուցքային հիվանդությունը։
«Օդեսայում հրաժեշտ են տվել միլիոնավոր մարդկանց սրտերը գրաված դերասանին։ Վասիլի Սկրոմնին հանդիսատեսի հիշողության մեջ հավերժ կմնա որպես Մակար Գուսև»,-ասված է հաղորդագրության մեջ։
Վասիլի Սկրոմնի
© Одесская киностудия
Սկրոմնիին մեծագույն ճանաչում է բերել Մակար Գուսևի դերը «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմում։ Դերասանը նկարահանվել է նաև «Դպրոց», «Ես Խորտիցան եմ», «Երրորդ չափում», «Ողջ բռնել» և «Կոմբատներ» ֆիլմերում։
Դրանից հետո Վասիլի Սկրոմնին դարձել է նավաստի, ծառայել է առևտրային նավատորմում։
«Էլեկտրոնիկի արկածները» մանկական երաժշտական ֆիլմը 1979 թվականին Օդեսայի կինոստուդիայում նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը՝ Եվգենի Վելտիստովի երեք ֆանտաստիկ վիպակների մոտիվներով։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը։ Պրեմիերան կայացել է 1980 թվականի մարտի 23-ին։