ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը մերժելի է համարում Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Այսպիսով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար»,– ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ, որն անցկացվել է մարտի 10–13–ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։
Մայր աթոռից տեղեկացնում են, որ հավաքին մասնակից եպիսկոպոսները քննարկել են Հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև ձևակերպել են մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ եկեղեցու կյանքի կազմակերպման ու առկա խնդիրների հաղթահարման։
Մասնավորապես նշվել է, որ Մասյացոտնի թեմի կարգալույծ եղած առաջնորդ Արման Սարոյանն իշխանությունների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։
«Միաժամանակ արձանագրվեց, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց»,– նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողովի ժամանակ նաև դատապարտել է ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ եկեղեցու գործունեության արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը։
«Իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերը և ենթաօրենսդրական ակտերը սահմանափակում են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը։ Նման նախաձեռնությունները խաթարում են եկեղեցի–պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը»,– ընդգծել են եպիսկոպոսները։
Ժողովի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումներին։ Նշվել է, որ կքննարկվեն ծառայության նոր կարգավորումները և դրանք օրինական հարթություն վերադարձնելու ուղիները։
Ի դեպ, Գերագույն հոգևոր ժողովի ժամանակ քննարկվել են նաև սեպտեմբերին նախատեսվող Եկեղեցական–ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման վերաբերյալ հարցեր, տրվել համապատասխան հանձնարարականներ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։