Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) կայացած Hype Brazil գրեպլինգի մրցաշարում անցած գիշեր կայացել է գլխավոր մենամարտը, որում հանդիպել են ՌԴ-ից Արման Ծառուկյանն ու Մեծ Բրիտանիան ներկայացնող Մուհամմեդ Մոկաևը: Գոտեմարտն ավարտվել է Ծառուկյանի հաղթանակով՝ խեղդող հնարքով։
Մենամարտը տեղի է ունեցել 10 րոպեանոց ձևաչափով՝ Submisson Only-ի կանոններով։
Ի սկզբանե մրցաշարի շրջանակներում պետք է տեղի ունենար ռևանշային մենամարտը Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև, որին ռուսաստանցին մարտի 1-ին հաղթել էր Տեմպեում (Արիզոնա նահանգ) կայացած Real American Freestyle (RAF) ըմբշամարտի մրցաշարում: Մենամարտից հետո Ծառուկյանը տապալել էր մրցակցին և մի քանի հարված հասցրել նրան, ինչը զանգվածային ծեծկռտուք է առաջացրել ավելի քան 10 մարդու մասնակցությամբ: RAF-ի գլխավոր տնօրեն Չեդ Բրոնշտեյնն ավելի ուշ հայտնել է, որ մարտիկների միջև ռևանշը կկայանա մարտի 28-ին կայանալիք փրոմոուշենի մրցաշարում: