Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը

Եվրոպական խորհրդարանի նախագահը բացման ժամանակ մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ Ըստ նրա՝ քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։
«Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», - ասել է նա:
Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում:
«Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - ասել է Մեցոլան և մեջբերել Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»: