ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իրանին դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա, Ընդ որում փաստաթղթում չեն հիշատակվում և չեն դատապարտվում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթի օգտին հանդես է եկել 13 երկիր։ ՌԴ-ն և ՉԺՀ-ն ձեռնպահ են մնացել։
Ընդունված բանաձևը դատապարտում է Իրանի հարվածները Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչպես նաև պահանջում է դրանց անհապաղ դադարեցում: Բանաձևում չեն հիշատակվում ագրեսորները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, չկան նաև կոչեր այդ երկու երկրներին՝ դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննադատել է փաստաթուղթը՝ նշելով, որ Անվտանգության խորհրդի որոշ անդամներ փորձում են տեղերով փոխել զոհի և ագրեսորի դերերն ու դիրքորոշումները:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը, որտեղ որևէ երկրի հետ կապ չի նշվում: Դրան աջակցել են 4 երկիր, 9-ը ձեռնպահ են մնացել։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նեբենզյան քվեարկության արդյունքներով հայտարարել է, որ փաստաթուղթը ձեռնտու չէր տարածաշրջանում հակամարտության իրական հրահրողներին:
«Խայտառակություն և աբսուրդի թատրոն», այսպես է նա մեկնաբանել ՄԱԿ-ի ԱԽ-ում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական բանաձևի քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: