Իրանը հերքել է Հորմուզի նեղուցի ականապատման մասին լուրը

ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանը թույլատրել է որոշ երկրների նավերին հատել Հորմուզի նեղուցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանում հերքել են Հորմուզի նեղուցի ականապատման մասին լուրը, որը վերջին օրերին տարածում են արևմտյան լրատվամիջոցները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նեղուցում ականներ չի տեղադրել։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին: Ավելին` նա նշել է, որ Թեհրանը թույլատրել է որոշ երկրների նավերին հատել նեղուցը:
Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային:
«Ագրեսորին աջակցած պետություններից ոչ մեկը չպետք է օգտվի Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու առավելությունից», - հայտարարել է նա:
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է շարունակի փակ մնալ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: