ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանում մոտ 3,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել խոշոր քաղաքները և տեղափոխվել երկրի հյուսիսային շրջաններ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ):
Կազմակերպության տվյալներով՝ տեղահանված անձանց մեծ մասը լքել է Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները՝ ուղղվելով դեպի երկրի հյուսիս և գյուղական բնակավայրեր։ Խոսքը մոտավորապես 600 հազարից մինչև 1 միլիոն տնային տնտեսությունների մասին է։
Ավելի վաղ փորձագետները զգուշացրել էին Իրանից դեպի ԻԻՀ հյուսիսարևմտյան նահանգներին սահմանակից Հարավային Կովկասի երկրներ (Հայաստան և Ադրբեջան) փախստականների հնարավոր ներհոսքի մասին:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: