ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ գնահատել են պետական աշխատողների` 2025 թ. 2–րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։
Նա հիշեցրեց, որ 2025 թ–ի 1–ին կիսամյակում, երբ ամփոփել էին 15 կառավարման մարմինների 57 ուղղություններով կատարված աշխատանքները, 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ էին հատկացրել ու տրամադրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է վերանայվի նաև ՏԻՄ–երում լրացուցիչ վարձատրության հարցը։
«Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։ Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներդրվել է պիլոտային համակարգ, որով պետական կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը և ըստ այդմ` ստանում պարգևավճար կամ լրացուցիչ վարձատրություն։