ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթությունների մեջ չէ։ ՀՀ կառավարության նիստից հետո այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյոք տեղի ունեցող իրադարձությունները կազդեն ու կհետաձգեն «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը։
«Տեսնում եք` ինչ է կատարվում ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա, իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,– նշեց նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: