Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանին թույլ կտա տարանցիկ երկիր դառնալ. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը առևտրային կապեր են հաստատել, ինչը, Ալիևի խոսքով, վկայում է ձեռք բերված խաղաղության երկարաժամկետ լինելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ, թեև դեռ այդպիսին չէ։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
«Դրա շնորհիվ կկարողանանք ուղիղ հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,– ասել է Ալիևը՝ այսօր ելույթ ունենալով Բաքվի XIII գլոբալ համաժողովի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուց հետո «լրջորեն աշխատում են Միջին միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որը անցնում է նաև Հայաստանի տարածքով»։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանով բեռնափոխադրումների պահանջարկն աճում է։ Նա ընդգծել է, որ հակամարտությունների պատճառով տրանսպորտային կապերի խափանումը շատ դժվար իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա. «սահմաններին հանգստություն է տիրում, առևտրային կապեր են հաստատվել», «երկարատև խաղաղությունն էլ կնքվել է դարերի համար»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։