ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ տեղյակ չէ ԶԼՄ-ներում Վաշինգտոնի հետաքննության մասով հաղորդումներից, ըստ որի՝ Իրանում աղջիկների դպրոցի վրա հարվածը հասցվել է ամերիկացի զինվորականների կողմից: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր ավելի վաղ «The New York Times»-ը գրել էր, որ Իրանում դպրոցին հարվածելու ռազմական հետաքննությունը պարզել է, որ «Tomahawk» հրթիռով հարվածի պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները: Ավելին, նյութում ասվում է, որ իրանական ռազմաբազային (որի մի մասը նախկինում դպրոցի շենք էր) հարվածներ հասցնելու ժամանակ թիրախները որոշելիս ամերիկացի զինվորականները սխալ են թույլ տվել:
«Ես այդ մասին չգիտեմ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա ընդունում է միջադեպի համար ԱՄՆ զինծառայողների պատասխանատվությունը:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: