ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանը կշարունակի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում Իսլամական Հանրապետության վրա։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետի հետ զրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին կամ նրանց հետ հակամարտությունների մեջ մտնել», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Նա պարզաբանել է, որ հարվածները կուղղվեն միայն այն բազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում Իրանի վրա՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։
Ավելի վաղ Փեզեշքիանը ներողություն էր խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար։ Նա հավելել է, որ Ժամանակավոր ղեկավար խորհուրդը որոշել է չգրոհել Մերձավոր Արևելքի երկրները, եթե դրանց տարածքներից Իրանին հարվածներ չհասցվեն։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ին առաջինը հարվածելու ծրագրերի մասին Իրանին վերագրվող մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: