Փաշինյանը շատ լավ գիտի, որ 65% նշաձողին անգամ տեսականորեն հնարավոր չէ հասնել. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր հաղթանակի մասին հայտարարություններով փորձում է ապահովել ընտրողների փոքր մասնակցություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նշաձողը 65 տոկոսն է, ավելի շատ քաղաքական-տեխնոլոգիական նպատակ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նշենք, որ Փաշինյանն այդ հայտարարությունն արել է մարտի 7-ին Գյումրիում։
Հակոբյանի գնահատմամբ՝ նման ցուցանիշը նույնիսկ տեսականորեն դժվար հասանելի է։
«Փաշինյանն ինքն էլ շատ լավ գիտի, որ այդ 65 տոկոսի նշաձողը նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ անցնել կամ հասնել։ Լավագույն դեպքում, այն էլ` տեսականորեն, կարծում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է որևէ «սպոյլեր» կուսակցության հետ միասին, եթե վերջինիս հաջողվի անցնել 4 տոկոսի սահմանը, մոտենալ «50 պլյուս 1%–ին»,– ասաց նա։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը հիմնականում ուղղված է ներքին լսարանին և միաժամանակ մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջին հերթին, ըստ Հակոբյանի, Փաշինյանը փորձում է համոզել իշխանության ընտրազանգվածին և թիմի անդամներին, թե իրավիճակը վերահսկելի է։ Միաժամանակ նման հայտարարություններով իշխանությունը փորձում է ազդել չկողմնորոշված ընտրողների վրա։
«Նախ՝ փորձում է իր ընտրազանգվածին և թիմի անդամներին համոզել, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Երկրորդ՝ փորձում է տատանվող ընտրազանգվածին, որը մոտավորապես 40-50% է, հրամցնել այն միտքը, թե ամեն ինչ արդեն վաղուց որոշված է։ Այդպես կարող է ձևավորվել հիասթափության մթնոլորտ, ինչը կնվազեցնի ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մասնակցության բարձր ցուցանիշը մահացու վտանգ է պարունակում իշխող վարչախմբի համար։ Եթե մասնակցությունը մոտենա 55%-ի, դա բավականին կնվազեցնի նրա՝ իշխանության ղեկին մնալու հնարավորությունը»,– ընդգծեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ վերջին շրջանում Փաշինյանը նախարարների և պատգամավորների ուղեկցությամբ հաճախ է այցելում մարզեր ու հանդիպում քաղաքացիների հետ, Հակոբյանը նշեց, որ այդ ակտիվությունը նույնպես կապված է նախընտրական գործընթացների հետ։ Ըստ նրա՝ նման հանդիպումները ցույց են տալիս, որ իշխանությունը փորձում է ակտիվորեն աշխատել ընտրողների հետ դեռևս պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ։
«Ինքը բացարձակապես վստահ չէ իր ուժերի վրա, վստահ չէ, որ անգամ 50 պլյուս 1 ցուցանիշը կունենա։ Այն, որ նա գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, տուն առ տուն, անգամ խանութ առ խանութ է այցելում, նույնպես տրամաբանական է։ Փաշինյանի ընտրած մարտավարությունը նոր չէ. նա տուն առ տուն, գարաժների կտուրներով գնալու մեծ և, կարելի է ասել, հաջողված փորձ ունի»,– նշեց նա։
Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանում իշխանություններն ամենից լավ են տեղեկացված հասարակական տրամադրությունների մասին, քանի որ պարբերաբար ստանում են տարբեր սոցիոլոգիական տվյալներ։
«Ի տարբերություն սովորական ընտրողների՝ իրենք շաբաթական ռեժիմով հարցումներ են ստանում թե՛ ուժային կառույցներից, թե՛ այն երկրներից, որոնք իրենց շահերն ունեն Հայաստանում»,– ասաց նա։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ առաջիկայում հանրությունը դեռ կտեսնի նման ակտիվություններ և հնչեղ հայտարարություններ, քանի որ նախընտրական գործընթացը դեռ նոր է սկսվում։ Հակոբյանը նաև անդրադարձավ այն համեմատություններին, որոնք արվեցին Փաշինյանի՝ 65 % ձայն հավաքելու հայտարարությունից հետո։
«Հայաստանում միշտ եղել է մի պահ, երբ իշխանությունը նման հայտարարություններ է արել՝ «մեր դեմ խաղ չկա», «ինչքան ուզենք, էնքան կխփենք», «իշխանությունը ձևավորվելու է այս կամ այն փողոցում գտնվող գրասենյակում» և այլն։ Սակայն կա նաև հետաքրքիր օրինաչափություն` սովորաբար նմանատիպ հայտարարություններից հետո Հայաստանում իշխանությունը փոխվում է»,– ընդգծեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ նման հայտարարությունները հաճախ արվում են այն ժամանակ, երբ իշխանությունը զգում է, որ հասարակական աջակցությունը բավարար չէ։ Այդ դեպքում, ըստ Հակոբյանի, քաղաքական տեխնոլոգիաներ են օգտագործվում սեփական թիմին վստահություն ներշնչելու և հակառակ ճամբարում կամ չկողմնորոշված ընտրողների շրջանում անվստահություն ստեղծելու համար։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։