ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Լոռի բերդ քաղաքատեղիի և Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել են, ներկայացվել են ավարտական կատարողական ակտերը, որոնք այժմ գտնվում են ուսումնասիրման և ստուգման փուլում։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Լոռի և ծանոթացել կատարված աշխատանքներին։
Ժաննա Անդրեասյանն այցելել է Լոռի և ծանոթացել կատարված աշխատանքներին
© Photo : official site of MESCS of RA
«Թե՛ «Լոռի բերդ քաղաքատեղիի», թե՛ Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով հուշարձանների պատմական և ճարտարապետական առանձնահատկությունները։ Մասնավորապես, Ամրակիցի եկեղեցու տանիքի և պատերի գունային լուծումները վերականգնվել են իրենց նախաստեղծ՝ պատմական գույներով։ Դրանք վերականգնվել են մանրամասն ուսումնասիրությունների, նյութաբանական վերլուծությունների հիման վրա»,– ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Լոռի բերդ քաղաքատեղիի տարածքում տեղադրվել է նաև տեղեկատվական մոդուլային կենտրոն, որը ծառայելու է որպես այցելուների զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետ։ Միայն 2020 թվականին քաղաքատեղին ավելի քան 27 հազար այցելու է ունեցել:
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև զարգացնել սրճարանային հատվածը՝ այն դիտարկելով որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, որը կարող է նպաստել տարածքի ակտիվացմանն ու այցելուների սպասարկման որակի բարձրացմանը։
Հիշեցնենք` Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին (նախահեղափոխական անվանումը՝ Նիկոլաևկա) հեղափոխությունից հետո դադարել էր գործել։ Տաճարի պատերն ու տանիքը տուժել էին նաև 1988 թվականի երկրաշարժից։ Լոռի բերդի և Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգման աշխատանքները սկսվել էին 2024 թվականին։