ՀՀ–ն կարող է տարածաշրջանային հանգույց դառնալ ռուսական ընկերությունների համար. Իվանովա

Ապրանքների մատակարարման վրա ազդում է նաև լոգիստիկան: Հայաստանում հույս ունեն, որ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղին թույլ կտա լուծել այդ հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանը պետք է դիտարկել ոչ միայն որպես փոքր և տարողունակ շուկա, այլև որպես տարածաշրջանային հանգույց, որը ռուսական ընկերություններին թույլ է տալիս դուրս գալ հարևան երկրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան։
Հայաստանի կառավարությունն օգնում է այն ընկերություններին, որոնք ապրանքներ են արտադրում երկրի ներսում և վաճառում են դրանք արտերկրում, ուստի Ռուսաստանից որոշ ընկերություններ արտադրության մի մասը տեղափոխում են այստեղ: Ապրանքն արդեն Հայաստանում պատրաստելու դեպքում ավելի հեշտ է այն արտահանել այլ երկրներ, այդ թվում՝ Եվրոպա։
«Սա լավ հնարավորություն է, և հիանալի է, որ ռուսական ընկերություններն իրենց ներդրումն են բերում Հայաստան և սկսում են օգտագործել այդ հնարավորությունները»,- նշեց Իվանովան։
Մասնավորապես հայկական շուկայում պահանջված է սննդի արդյունաբերության ռուսաստանյան արտադրանքը` ներառյալ պատրաստի կիսաֆաբրիկատները, ժողովրդական սպառման ապրանքները (կոսմետիկա և կենցաղային քիմիա) և գյուղատնտեսական արտադրանքը։ Իսկ ահա Հայաստանից Ռուսաստան են մատակարարվում պարենային ապրանքներ, որոնց թվում են գինին, կոնյակը, միրգը, բանջարեղենը, ընկույզն ու չրերը։
«Մենք կարծում ենք, որ ներուժ կա այս տեսականին ընդլայնելու և այլ ապրանքներ ավելացնելու համար»,- ասաց նա։
Իվանովան հստակեցրեց, որ ակտիվորեն ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ շինանյութերի արտադրության և արդյունաբերության ոլորտներում։
Խոսելով լոգիստիկայի մասին՝ նա նշեց, որ երկու երկրների միջև ապրանքների հիմնական հոսքը դեռևս անցնում է Վերին Լարսի անցակետով, ապա՝ Վրաստանի տարածքով։ Սա դժվարություններ է ստեղծում. ճանապարհը կախված է սեզոնային պայմաններից, պարբերաբար փակվում է, ինչի պատճառով սահմանին բեռնատարներ են կուտակվում, և մատակարարումներն ուշանում են։ Օդային փոխադրումն առաքման ավելի արագ, բայց թանկ միջոց է, որը հասանելի չէ բոլոր ընկերություններին։ Միևնույն ժամանակ զարգանում է նոր ուղղություն՝ երկաթուղային փոխադրումները Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Անցյալ տարվա վերջից արդեն սկսվել են ՌԴ–ից ապրանքների մատակարարումները երկաթուղու միջոցով։
Իվանովայի խոսքով՝ այս երթուղին կարող է Վերին Լարսով իրականացվող ավտոմոբիլային փոխադրումների այլընտրանք դառնալ, քանի որ երկաթուղային տրանսպորտը հեռու տարածությունների դեպքում ավելի էժան է և կախված չէ սեզոնային գործոններից։ Նա հույս ունի, որ այդ երթուղին կհանգեցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի։