ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. G7-ի երկրների էներգետիկայի նախարարները սկզբունքային հավանություն են հայտնել նավթի ռազմավարական պաշարների օգտագործմանը՝ մատակարարումների և շուկայի անկայունության հետ կապված խնդիրները լուծելու համար:
«Աջակցում ենք իրավիճակի կարգավորման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ներառյալ ռազմավարական պահուստների օգտագործումը»,-ասված է «Մեծ յոթնյակի» երկրների և Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) արտակարգ խորհրդակցության արդյունքներով հայտարարության մեջ։
Նաև հայտնի է դարձել, որ ԷՄԳ-ն պատրաստվում է նավթային շուկայում պատմության մեջ ամենախոշոր միջամտությանը՝ մոտ 300–400 միլիոն բարել կազմակերպության անդամ երկրների պահուստներում պահվող ռազմավարական պաշարներից:
G7-ի երկրների նավթային պահուստները գնահատվում են 1,2 միլիարդ բարել:
Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն հայտարարել էր, որ լցակայաններում գների կտրուկ աճի և վարորդների դժգոհության պատճառով Գերմանիայի իշխանությունները որոշել են սահմանափակել բենզալցակայաններում գների բարձրացման հաճախականությունը՝ մինչև օրական մեկ անգամ:
«Մենք որոշում ենք կայացնել սահմանափակել գների բարձրացման հաճախականությունը՝ այսպես կոչված «ավստրիական մոդելի» հիման վրա: Այժմ ավտոլցակայանները կկարողանան վառելիքի արժեքը բարձրացնել միայն օրական մեկ անգամ: Միևնույն ժամանակ, գների նվազեցումը թույլատրելի է ցանկացած ժամանակ»,-ասել է Ռայխեն:
Մարտի 9-ին Brent ապրանքանիշի նավթի գները 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ բարձրացել էին մեկ բարելի դիմաց 119 դոլարից՝ արձանագրելով 29-31% աճ։ Սակայն նույն օրվա երեկոյան դրանք սկսել են նվազել։ Մարտի 10-ի երեկոյի դրությամբ դրանք պահպանվում էին մեկ բարելի դիմաց 90 դոլարից ցածր մակարդակում, այդ թվում՝ պահուստներից նավթի հնարավոր բացթողման վերաբերյալ G7 երկրների հայտարարությունների ֆոնին։