«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը

Այս տարի մրցույթն անցկացվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով (մայիսի 12 և 14՝ կիսաեզրափակիչներ և մայիսի 16՝ եզրափակիչ):
««Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով»,- նշված է հեռուստաընկերության գրառման մեջ։
Երգի հեղինակներից մեկն էլ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն է։
Հեռուստաընկերությունը հրապարակել է նաև երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև 2016 թվականին մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը։
«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան․ ո՞ր տեղը գրավեց Հայաստանը
Հավելենք, որ Սիմոնն անցյալ տարի մասնակցում էր Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին»։ Նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով անցած տարվա մեր պատվիրակին՝ Պարգին։ Մինչդեռ տեղական և միջազգային ժյուրիի քվեարկությամբ նա առաջին հորիզոնականում էր։