Այդ չեղած ծառերը որդերի ու բլոճների ձմեռման տեղեր են. պաշտոնյան` ծառահատումների մասին

Ըստ Բեգոյանի` թեղիներն ավելի շատ վնասում են բնությանը, քան օգուտ տալիս։
Sputnik
Երևանում 70-80 տարի առաջ տնկված թեղի ծառատեսակի կյանքը վաղուց է ավարտվել։ Այդ ծառատեսակի կենսունակության տարիքը շուրջ 40 - 50 տարի է, իսկ այժմ դրանք վտանգ են ներկայացնում առողջ ծառերի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը` անդրադառնալով Ամիրյան փողոցում վերջին օրերին տեղի ունեցած ծառահատումներին։
«Այդ ծառերի բնի մեջ ամբողջությամբ նեմատոդային որդեր են, որոնք քայքայելով՝ վերացնում են արմատ–սաղարթ կորելացիոն կապը, որի հետևանքով սաղարթները վերանում են։ Մենք չենք կարող ասել, որ այս ծառերը սաղարթ ունեն։ Բնական է, որ ծերացած ծառը պետք է հաստաբուն լինի, բայց այսօր այդ հաստաբուն ծառերն ունեն ծաղկամանի մեծության սաղարթներ։ Երևանի առանց այն էլ քիչ տարածքները զբաղեցնել այսպիսի ծառերով չի կարելի»,–ասաց Բեգոյանը։
Նրա խոսքով` այդ ծառերն իրենց «օգտակարությամբ» երկաթյա սյուներից չեն տարբերվում։ Ավելին, ըստ Բեգոյանի` թեղիները ավելի մեծ վնաս են հասցնում բնությանը։
«Գոնե երկաթյա սյուները ոչ մի հիվանդություն չեն տարածում, իսկ այդ չեղած ծառերը հանդիսանում են որդ ու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր, որոնք այնուհետև վարակում են քաղաքաի կանանչ զանգվածը»,–ասաց նա։
Ավելի վաղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ամիրյան փողոցում ծառահատումն իրականացվում է բարեկարգման ծրագրի շրջանակներում։ Քաղաքապետարանը պատրաստվում է բարենորոգել նաև Երևանի Պռոշյան փողոցը, Կոմիտասի պողոտան, իսկ ավելի ուշ` Հալաբյան փողոցը։
Հավելենք, որ Ամիրյան փողոցի ծառերի փոխարինման աշխատանքների որոշումը կայացված էր դեռևս 2022 թվականին։ Մայթերի վերանորոգման նպատակով Երևան համայնքի ֆոնդային բյուջեում առկա ֆինանսական միջոցների մնացորդից 477 մլն 107.9 հազար դրամ կհատկացվի: