ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք մնացել էին Վիետնամում, վերադարձել են. ԱԳՆ խոսնակ

Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում Հայաստան վերադառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած ՀՀ քաղաքացիներն արդեն Հայաստանում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Վիետնամում մնացած և Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են ՀՀ»,- նշել է Բադալյանը։
Նշենք, որ մինչ այս՝ մարտի 7-ին, ԱԳ նախարարի խոսնակը հայտնել էր, որ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի։
Ավելի վաղ նա ընդգծել էր, որ քաղաքացիներից 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։ Քաղաքացիներից 7-ը մարտի 9-ին պետք է վերադառնար Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղիով, իսկ ևս մեկ քաղաքացի էլ սպասում էր Բահրեյն վերադառնալուն:
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքները
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։