ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կողմ է Իրանին հարվածներ հասցնելուն, սակայն մտահոգություն է հայտնում հնարավոր տևական պատերազմի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նա կողմ է Իրանին հարված հասցնելուն, բայց շարունակում է մտահոգ մնալ երկարատև հակամարտության հեռանկարով»,–նշում է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ Իրանի դեմ գործողության մեկնարկի պահին Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի եղել Մար-ա-Լագոյի նստավայրում և քննարկումներին մասնակցել է հեռավար կարգով։
Սպիտակ տան աղբյուրները պարզաբանել են, որ անվտանգության միջոցառումները փոխնախագահին թույլ չեն տվել անձամբ ներկա գտնվել. նստավայր ժամանող և հեռացող բազմաթիվ ավտոշարասյունները կարող էին ուշադրություն գրավել և մատնել ռազմական գործողության նախապատրաստումը։
Wall Street Journal-ը նաև նշում է, որ Վենսը հարվածների սկսվելուց հետո երկու օր շարունակ հանրային հայտարարություններ չի արել։ Նրա խորհրդականները դա բացատրել են նրանով, որ վարչակազմը որոշել է Թրամփին հնարավորություն տալ որպես հիմնական խոսնակ հանդես գալ Իրանի դեմ գործողության հարցերում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: