ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ստորագրվել է Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Կանոնադրությունը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին։
«Փոփոխված կանոնադրությամբ սահմանվում են համալսարանի իրավական կարգավիճակը, կառավարման համակարգը, ինչպես նաև վերջինիս գործունեության հիմնական սկզբունքները՝ որպես երկու պետությունների համագործակցության շրջանակում գործող կրթագիտական հաստատություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոր փաստաթուղթը նպատակ ունի ավարտին հասցնելու համալսարանի իրավական և նորմատիվային բազայի արդիականացման գործընթացը և ստեղծելու առավել նպաստավոր պայմաններ բուհի հետագա զարգացման համար։ Այն նաև միտված է խորացնելու Հայաստան-Ռուսաստան գիտակրթական փոխհամագործակցությունը։ Փաստաթղթի համաձայն՝ համալսարանն իրականացնում է կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն՝ ուղղված բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, գիտական դպրոցների զարգացմանը և գիտության ու տեխնոլոգիաների առաջնահերթ ուղղություններով հետազոտությունների իրականացմանը։
Հայ-ռուսական համալսարանը բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող միջպետական կազմակերպություն է, որի համատեղ կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Համալսարանը հիմնադրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Երևանում վավերացված համաձայնագրով։
Համալսարանի գործունեության նոր պայմանները հաստատվել են «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, որը կողմերը վավերացրել են 2025 թվականի հուլիսին։