Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը

Վահան Բայբուրդյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. 92 տարեկանում մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը: Այս մասին հայտնում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 9-ին կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչը` ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի երկարամյա վարիչ Վահան Բայբուրդյանը։ Նրա գիտական գործունեությունը, նվիրվածությունը իրանագիտության զարգացմանը և նրա մարդկային կերպարը մեծ հետք են թողել գործընկերների, աշակերտների և գիտական հանրության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վահան Բայբուրդյանը հայտնի է առաջին հերթին իր գիտական վաստակով։ Նրա ուսումնասիրության շրջանակներն են եղել Իրանի և իրանահայության պատմությունը, մասնավորապես Նոր Ջուղայի խաղացած տնտեսական և քաղաքական դերը, թուրք-իրանական հարաբերությունները, Հայկական հարցը, հայ-քրդական հարաբերությունները և այլն։ Վահան Բայբուրդյանը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր առաջին դեսպանն է եղել 1992 թվականից մինչև 1998 թվականը։
Բայբուրդյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 11-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված), հուղարկավորությունը` մարտի 12-ին՝ նույն վայրից։