Լավրովը զանգահարել է Արաղչիին Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների նախորդ զրույցը կայացել էր մարտի 3-ին ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ ու նշել Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցել քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Լավրովը վերահաստատել է սկզբունքային դիրքորոշումը՝ իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիայի և այն քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելու օգտին, ինչին Ռուսաստանը մշտապես պատրաստ է աջակցել՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգության շահերը», - ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ իրավիճակը Մերձավոր Արևելքում քննարկել էին Ռուսաստանի և Իրանի նախագահները: ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է գալիս ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու օգտին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: