Իրանը վճռական գործողությունների է սպասում․ Արաղչին զրույց է ունեցել Գուտերեշի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտության դեէսկալացիայի և ամբողջ տարածաշրջանի համար դրա հետևանքների նվազեցման ջանքերի կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է ստեղծված իրավիճակում ավելի վճռական գործողություններ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի և հանցագործությունների դատապարտում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասվում է Իրանի ԱԳ նախարարի տելեգրամյան ալիքում։
Արաղչին նշել է, որ լռությունը կամ թույլ արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա ապակայունացման և լարվածության սաստկացման: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ամերիկա-իսրայելական հարձակումների ընթացքում խոցվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տարածքներ, ինչպես նաև պատմական շենքեր և հուշարձաններ: Իրանը դա գնահատում է որպես միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում:
«Հաշվի առնելով մարդասիրական հետևանքներն ու մասշտաբային վնասները՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը և պատասխանատու կառույցներին վճռականորեն և միանշանակ դատապարտել տեղի ունեցածը», - նշել է նա:
Նախարարը նաև ընդգծել է պարտադրված պատերազմի պայմաններում Իրանի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը: Նա հայտարարել է, որ Իրանն ավելի վաղ զգուշացրել է տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերին և նրա սահմաններից դուրս. Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դեպքում տարածաշրջանում ամերիկյան բոլոր օբյեկտներն ու բազաները կդիտարկվեն որպես թիրախներ, ինչը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և հետագա էսկալացիայի կանխարգելման անհրաժեշտությունը: Գուտերեշը նաև կարևորել է հակամարտության ընդլայնման կանխարգելմանն ու ողջ տարածաշրջանի համար հետևանքների նվազեցմանն ուղղված ջանքերը: