Ինչ դեր կունենան Բաքուն և Անկարան Իրան- ԱՄՆ- Իսրայել պատերազմից հետո. փորձագետի կարծիքը

Դմիտրի Լիսենկովը նշում է, որ Հարավային Կովկասն այսօր ձգողության լուրջ կետ է համաշխարհային ուժերի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը սպասում են՝ հաշվարկելով տարբերակներ և փորձելով հասկանալ, թե Իսրայելի և ԱՄՆ-ի հակաիրանական արշավի ավարտից հետո Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ինչ դեր է իրենց համար նախանշվում։ Sputnik Արմենիայի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ-միջազգայնագետ, հրապարակախոս Դմիտրի Լիսենկովը։
«Բաքուն և Անկարան դեռևս համեմատաբար սպասողական դիրք են զբաղեցնում, քանի որ Իրանի զինված ուժերն անսպառ չեն, ԱՄՆ-ինն էլ, ի դեպ։ Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն այսօր իրենց համար չափում են ընթացիկ հակամարտության հետևանքները։ Ովքե՞ր կլինեն նրանք տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայում: Ի՞նչ դեր կհատկացնի նրանց այն երկիրը, որը հեգեմոն կդառնա ամերիկա-իսրայելա-իրանական հակամարտության արդյունքում։ Ի՞նչ կլինի Հարավային Կովկասի հետ, եթե մեծանա Անկարայի և Բաքվի ազդեցությունը։ Այս հարցերին փորձում են պատասխանել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական գործիչներն ու փիլիսոփաները, որոնք, ըստ էության, այս տարածաշրջանում նոր քաղաքական իրողություն են ձևավորում», - կարծում է փորձագետը։
Լիսենկովի խոսքով՝ Հարավային Կովկասն այսօր դարձել է համաշխարհային ուժերի ձգողության կետ։ Ընդ որում, միջազգայնագետի կարծիքով, «Մեծ Թուրանի» ձևավորման գործընթացը, որի ստեղծման վրա աշխատում է Անկարան իր մերձավոր դաշնակից Բաքվի հետ, տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում: Մասնավորապես, «Մեծ Թուրան» նախագծի իրականացման փորձերը հանգեցնում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում զգալի ռազմաքաղաքական ուժերի կուտակման։
«Արդյոք դա սպառնու՞մ Է Հարավային Կովկասին։ Եթե խոսենք ուղիղ և առանց այլևայլությունների՝ իհարկե, սպառնում է: Որովհետև քաղաքական, տնտեսական ուժը անխուսափելիորեն վեածվում է ռազմական գերազանցության։ Թե ինչով է դա սպառնում մերձավոր հարեւաններին՝ Ռուսաստանին, Հայաստանին և մնացած ողջ Հարավային Կովկասին, միանգամայն հասկանալի է, բացատրելու հարկ չկա», - ընդգծել է Լիսենկովը։