ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը մոտ է ավարտին և նախնական ծրագրերից ավելի արագ է ընթանում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն զգալիորեն առաջ են ընկել գործողության ժամանակացույցից։ Այս մասին նա հայտնել է CBS News-ին տված հարցազրույցում և Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։
«Կարծում եմ, որ Իրանի հետ պատերազմը մեծ մասամբ գրեթե ավարտված է։ Նրանք ո՛չ նավատորմ ունեն, ո՛չ կապ, նրանք չունեն ռազմաօդային ուժեր»,-ասել է Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ գործողությունն ընթանում է «շատ ավելի արագ», քան նախկինում ենթադրվող չորս-հինգ շաբաթը։
ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ գործողության ընթացքում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող ավելի քան 5 հազար թիրախների, այդ թվում՝՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներին։ Ընդ որում, առավել կարևոր թիրախների մի մասը, նրա խոսքով, «թողել են հետագայի համար»։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները փաստացի ոչնչացրել են իրանական ռազմածովային նավատորմը։
«Ռազմածովային նավատորմ այլևս չկա։ Այն ամբողջությամբ օվկիանոսի հատակին է՝ 46 նավ»,-ասել է նա Ֆլորիդայում Հանրապետական կուսակցության միջոցառման ժամանակ։
Բացատրելով ռազմական արշավ սկսելու պատճառները՝ ԱՄՆ նախագահը պնդել է, որ Թեհրանը մասշտաբային հարձակում էր նախապատրաստում։
«Մեկ շաբաթվա ընթացքում նրանք պատրաստվում էին հարձակվել մեզ վրա։ Նրանք ունեին այդ բոլոր հրթիռները՝ շատ ավելի մեծ քանակությամբ, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել»,-հայտարարել է Թրամփը։
Նա Իրանին առանձնահատուկ նախազգուշացրել է համաշխարհային նավթի առևտրի առանցքային երթուղին` Հորմուզի նեղուցը փակելու հնարավոր փորձի հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն էներգապաշարների մատակարարման դադարեցում թույլ չի տա։
Նա նաև հայտնել է, որ Վաշինգտոնը կարող է ժամանակավորապես հանել մի շարք երկրների նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ համաշխարհային շուկայում գների աճը զսպելու համար։ Նրա խոսքով՝ հակամարտության ֆոնին նավթի գնանշումների թռիչքը «արհեստական» էր։
Հակամարտության ավելի լայն համատեքստում Թրամփն անդրադարձել է նաև Իրանի քաղաքական իրավիճակին։ Նա հայտարարել է, որ «հիասթափված է Մոջթաբա Խամենեիի ընտրությունից» որպես երկրի նոր գերագույն առաջնորդ։
«Ես հիասթափված էի նրանց ընտրությունից»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ իր կարծիքով Իրանին անհրաժեշտ է առաջնորդ, որը կկարողանա «խաղաղ զարգացում» ապահովել։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը հայտարարել է, որ իր «մտքում մի մարդ կա», որը կարող էր փոխարինել Իրանի նոր առաջնորդին, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել։
Մեկնաբանելով Իրանի հարավում աղջիկների դպրոցին հարվածի մասին լուրերը, որտեղ, Թեհրանի տվյալներով, զոհվել են հարյուրից ավելի աշակերտուհիներ, Թրամփը հայտարարել է, որ միջադեպը հետաքննվում է։ Միևնույն ժամանակ նա հերքել է ամերիկյան զինվորականների մասնակցությունն այդ հարձակմանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: