ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ երեքշաբթին կդառնա ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իրանի դեմ հարվածների ամենամասշտաբային օրը:
«Այսօր Իրանին կհասցվեն ամենաինտենսիվ հարվածները։ Ավելի շատ կործանիչներ, ավելի շատ ռմբակոծիչներ, ավելի շատ ռմբակոծություններ», - Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հեգսեթը։
Նա նաև նշել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանը հակամարտության սկզբից ի վեր արձակել է ամենաքիչ քանակի հրթիռները:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական գործողությունը «առանց երկմտանքի և կես քայլերի»:
Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի գործողություններն ուղղված են հակառակորդի լիակատար պարտությանը և կշարունակվեն այնքան, քանի դեռ «թշնամին վերջնականապես և վճռականորեն չի ջախջախվել»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տեխնիկական հմտության և ռազմական հզորության առումով ունի գերազանցություն և մտադիր է լիարժեքորեն հասնել իր առջև դրված նպատակներին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: