ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական որոշ ուժերի աջակցելուն հարկադրելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ն հաղորդում է փոխանցել ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Մասնավորապես, վերջիններիս մղում են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Ըստ ԱՀԾ-ի՝ այդ գործողությունները ներառում են նաև ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցություն։
«Տեղեկատվության հիման վրա ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում, նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից նախազգուշացնում են, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։