ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Սաուդյան Արաբիան սկսում է կրճատել նավթի արդյունահանումը, քանի որ Հորմուզի նեղուցով նավարկելու սահմանափակումների պատճառով պահեստարանները լցվել են: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սաուդյան Արաբիան աշխարհում նավթի ամենախոշոր արտահանողն է. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն և արտահանում է օրական մոտ 7 մլն բարել նավթամթերք: Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթը և Իրաքը:
Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան ձգտում է մատակարարումների մի մասը վերաուղղորդել Կարմիր ծովով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռազմական գործողությունների սկսվելուց հետո փակվեց Հորմուզի նեղուցը՝ նավթի համաշխարհային առևտրի առանցքային ուղին, որով անցնում է հումքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%- ը: