Մասկատ–Երևան չվերթը մարտի 11–ից կտեղափոխվի մարտի 12–ին. FlyOne Armenia

Ավիաընկերությունից նշում են, որ մարտի 12–ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մասկատ–Երևան երթուղով մարտի 11–ին նախատեսված հատուկ չվերթը կտեղափոխվի և կիրականացվի մարտի 12–ին։ Այդ մասին տեղեկացնում է «FlyOne Armenia» ավիաընկերությունը։
«Նշված չվերթի բոլոր ուղևորների ամրագրումներն ավտոմատ կտեղափոխվեն մարտի 12–ի չվերթին։ Տեղեկացնում ենք նաև, որ մարտի 12–ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը, և առաջիկայում Մասկատ–Երևան երթուղով նոր չվերթեր նախատեսված չեն»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքները
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։