ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Շուտով Ռուսաստանից Հայաստան կժամանի գործարար առաքելություն, որում ընդգրկված կլինեն ՌԴ–ի մի քանի շրջանում գործող ընկերությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը մարտի 11-12-ը Երևանում հանդիպումներ կանցկացնի հայ գործընկերների հետ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կոնկրետ շրջաններից գործարարների այցելություններ տարվա ընթացքում բազմիցս են անցկացվում, սակայն մեծ ժողովրդականություն են սկսել վայելել նաև ՌԴ մի քանի շրջաններ ընդգրկող ավելի մեծ գործարար առաքելությունները։
Ռուսաստանի արտահանման կենտրոնը նման ձևաչափով այցելություն կանցկացնի արդեն չորրորդ անգամ «Արտադրված է Ռուսաստանում» ծրագրի շրջանակում, որը աջակցության միջոցառումներ է ներառում ռուսաստանցի արտահանողների համար։
Գործարար առաքելության կազմում ընդգրկված կլինեն 19 ընկերություններ՝ սննդամթերքի, օծանելիքի, կոսմետիկայի և կենցաղային քիմիայի արտադրողներ։ Տեղում նրանք նախատեսում են բանակցություններ անցկացնել հայ դիստրիբյուտորների և ՀՀ–ում գործող առևտրային ցանցերի հետ։ Բացի այդ, մարտի ընթացքում առանձին շրջաններից երկու առաքելություն կժամանի՝ մարտի 10-ին գործարարներ կժամանեն Ադիգեայի Հանրապետությունից, մարտի 24-26-ին` Օրյոլի մարզից։
Ենոքյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի արտահանման կենտրոնը հայկական առևտրային ցանցերին առաջարկում է ապահովագրական ապրանքներ վճարման հետաձգման պայմաններով, ինչը թույլ է ավելի շահավետ պայմաններով ռուսական ապրանքներ ձեռք բերել։ Դա օգնում է չեզոքացնել լոգիստիկ ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, օրինակ, եղանակային պայմանների պատճառով (որի պատճառով տարին մի քանի անգամ փակվում է Ռուսաստանը Վրաստանի, ապա՝ Հայաստանի հետ կապով Վերին Լարսի անցակետը. խմբ.):