ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իրանի հարձակման հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«Պատերազմը շարունակվում է, առավոտյան հրթիռահարության պատճառով 2 օտարազգի շինարարներ են զոհվել, մեկ քաղաքացի ծանր վիրավորվել է։ Կրկին թիրախավորել էր երկրի կենտրոնը։ Հայերի շրջանում տուժածներ չկան»,– գրել է նա սոցցանցում։
Չերնամորյանը նշել է, որ գիշերը կրկին տագնապ է եղել, առավոտյան` ևս։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: