Brent նավթի գինը 2022-ի հունիսից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց հասել է 119,5 դոլարի

Հորմուզի նեղուցի արգելափակումը կաթվածահար է արել նավթի համաշխարհային առևտրի առանցքային երթուղին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է՝ հասնելով 119,5 դոլարի մեկ բարելի դիմաց, գրում է RBK-ն։
Մոսկվայի ժամանակով 05: 33-ի դրությամբ աճը կազմել է 28,9 տոկոս: Այս մակարդակում Brent նավթն առաջին անգամ է վաճառվում 2022 թվականի հունիսի 17-ից ի վեր։ Ավելի ուշ աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են։ Մոսկվայի ժամանակով ժամը 07:25-ի դրությամբ Brent-ի մայիսյան պայմանագիրն աճել է 25,16 տոկոսով և սակարկվել է մեկ բարելի դիմաց 116,01 դոլարի մակարդակում:
Գնանշումների կտրուկ թռիչքը կապված է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետ։ Փետրվարի վերջից Իրանի շուրջ առճակատման մեջ են հայտնվել մոտ 10 երկրներ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իսլամական Հանրապետության դեմ:
Ի պատասխան ՝ Իրանը Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմակայաններին հրթիռային հարվածների ու անօդաչուների հարձակումների շարք է սկսել։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո փակվեց Հորմուզի նեղուցը՝ նավթի համաշխարհային առևտրի առանցքային ուղին, որով անցնում է հումքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%- ը:
Ռազմական գործողությունները տարածվել են Մերձավոր Արևելքի նավթարդյունահանող մի շարք առանցքային տարածաշրջանների վրա, ինչը մեծացրել է շուկաների մտավախությունները մատակարարումների կայունության վերաբերյալ: