Ահազանգ. ՀՀ–ում հակաքաղցկեղային թանկարժեք դեղամիջոցի կեղծման դեպք է գրանցվել

Մեկ սրվակի արժեքը մոտ 350 հազար դրամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հակաքաղցկեղային «Հերցեպտին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացել։ Լուրը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ահազանգի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ըստ այդ գրության` շվեյցարական հայտնի «Հոֆման-Լա Ռոշ» ընկերությունը տեղեկություն է տրամադրել «Հերցեպտին» (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի (440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ) դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
«Հերցեպտին» դեղամիջոցն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, մեկ սրվակի արժեքը շուրջ 350 հազար դրամ է։
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ հակաքաղցկեղային մեկ այլ դեղամիջոցի՝ «Ավաստինի» կեղծման դեպքի վերաբերյալ էր ահազանգ եղել։