ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Սպասումն ու այս անորոշությունը օրեցօր ավելի են սաստկանում։ Անհետ կորած զինծառայողների մայրերն այսօր՝ մարտի 8-ին, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:
«Այսօր խաղաղ ակցիա ենք անում, բայց ոչ լռության։ Մենք պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք, որովհետև չի լինում լռել այս ցավի մասին։ Մենք սպասում ենք մեր երեխաներին»,–ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։
Նրա խոսքով` էական չէ, թե որ թվականի ռազմական գործողության մասնակից են իրենց երեխաները, բոլորի ցավը նույնն է։
«Սուտ է , թե ասում են ժամանակը բուժում է, ժամանակը մեր վերք բուժել չի կարողանա։ Մեր կարոտը ավելի է սաստկանում։ Անհետ կորածների ծնողներից շատերը չդիմացան այս ցավին, իրենք էլ մեր հետ չեն, հնարավոր է` վաղն էլ ես քնեմ ու չարթնանամ։ Բայց եթե ես չլինեմ, իմ աղջիկն է պահանջելու իր եղբորը։ Վերադարձրեք մեր տղաներին։ Տարել եք, հիմա մեզ պատասխան տվեք»,–ասաց կինը։
անհետ կորածների մայրերն ակցիա են անում կառավարության դիմաց
© Sputnik
Մայրերի խոսքով` միգուցե կառավարության ուզածն էլ այն է, որ ժամանակի հետ, երբ անհետ կորածների ծնողները մահանան այդ ցավից, էլ ոչ մեկ ոչինչ չպահանջի իրենցից։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։